Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Տակաո Մակինոյին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը Ճապոնիայի հետ համագործակցությունը ընդլայնելու, խորացնելու, եւ նոր մակարդակի բարձրացնելու համար։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ անցյալ տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ճապոնիա կատարած պաշտոնական այցելությունը, կայացած հանդիպումները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները նոր թափ հաղորդեցին հայ-ճապոնական հարաբերություններին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Տակաո Մակինոն հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հաստատված բարեկամական փոխգործակցությունը հետագայում առավել կզարգանա։ Նա երախտագիտությամբ հիշատակել է Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո անցյալ տարի Հայաստանի նախագահի այցելության շրջանակներում Սերժ Սարգսյանի աղետի գոտի այցելությունը, տուժածներին Հայաստանի ցուցաբերած աջակցությունը, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցված պատարագը՝ բնորոշելով դրանք որպես իրական բարեկամության դրսեւորումներ։

Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, որ Տոկիոյում Հայաստանի դեսպանատան բացումից հետո երկկողմ փոխգործակցությունը մի շարք բնագավառներում ընդլայնվել է, երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունները պարբերական բնույթ են կրում, եւ ստեղծվել է համապատասխան հենք համագործակցության խորացման համար։ Հայաստանի արտգործնախարարը կարեւորեց Երեւանում դեսպանատուն բացելու Ճապոնիայի ԱԳՆ նախաձեռնությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել է միջազգային կազմակերպություններում երկկողմ , միջխորհրդարանական, առեւտրատնեսական, մշակութային, կրթական բնագավառներում համագործակցությունը:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղության Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը։ Այս համատեքստում Ճապոնիայի փոխարտգործնախարարն իր երկրի աջակցություն ն է հայտնել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերին։