Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդու դեմ կատարված մահափորձից հետո նրա որդին ոստիկանությանը հայտնել է, որ բողոքներ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Մանուչարյանի որդին` Անուշավան Մանուչարյանը:
Նա նշեց, որ իր կարծիքով կատարվածը ոչ թե մահափորձ էր, այլ պատահականություն: «Ինձ թվում է՝ դա շփոթմունք էր: Որ ճիշտն ասեմ, չեմ էլ հետաքրքրվում , թե գործը ինչ ընթացքի մեջ է: Ավելին` ոստիկանությունում էլ ասել եմ, որ միանշանակ բողոքներ չունեմ: Հիմա մենք այդպես ենք մտածում»,- ասաց քաղաքապետի որդին:
Ավելի վաղ Բերդի քաղաքապետը պատմել էր, որ իրենք Բերդում են ապրում եւ որդին եկել էր Երեւան հարսանյաց հանդիսության մասնակցելու համար եւ նման դժբախտ դեպք է տեղի ունեցել: Իսկ Հարցին, թե հնարավո՞ր է, որ բողոքը հետ վերցնեն, հատկապես, եթե կարծում են, որ կատարվածը շփոթմունքի արդյունք է, քաղաքապետն արձագանքել էր. «Իհարկե, ոչ: Իմ կարծիքով շփոթմունք է, բայց շփոթմունքի համար էլ են մարդիկ պատասխան տալիս»: Տեղեկացրել էինք նաեւ, որ ոստիկանությունը բացահայտել է Բերդի քաղաքապետի որդու դեմ մահափորձը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել էին, թե մարտի 23-ին, ժամը 15.07-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում: Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 15.00-ին, անհատ անձինք Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բակում եւ շքամուտքում դեռեւս չպարզված հրազենով կրակել են 27-ամյա Անուշավան Մ.-ի եւ 40-ամյա Արմեն Ս.-ի ուղղությամբ, ինչի հետեւանքով Արմեն Ս.-ն գոտկատեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի` 4 մմ եւ 5.6 մմ տրամաչափի 3 պարկուճ եւ 9 մմ տրամաչափի 2 գնդակ: Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 25-ամյա Բեգլար Հ.-ն եւ 30-ամյա Հրանտ Հ.-ն: Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 02.30-ին, Բեգլար Հ.-ն եւ Հրանտ Հ.-ն ներկայացել են ոստիկանություն եւ ներկայացրել հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ պահունակով` առանց փամփուշտների եւ «Մարգուլին» ատրճանակը` պահունակով` լիցքավորված 1 փամփուշտով: Բեգլար Հ.-ն եւ Հրանտ Հ.-ն ձերբակալվել էին: Ներկայացված ատրճանակներն ուղարկվել էին փորձաքննության:




























