Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը լավ է, եւ նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը աշխատանքային այցով է մեկնել Ֆրանսիա, ոչ թե հոր առողջական վիճակի վատթարացման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի  խորհրդական Վարդան Վարդանյանը արձագանքելով լուրերին, թե գեներալի առողջականը վատացել է եւ որդին մեկնել է նրա մոտ:

«Գեներալը  հիմա Ֆրանսիայում պլանային բուժում է ստանում: Իսկ բժիշկները  հետվիրահատական ապաքինումը լավ են գնահատում: Մանվել Գրիգորյանը Հայաստան կվերադառնա դեկտեմբերին»,- նշեց Վարդան Վարդանյանը:

Ինչ վերաբերվում է Կարեն Գրիգորյանի Ֆրանսիա մեկնելու պատճառներին, նա նշեց, որ դա աշխատանքային այց է: « Էջմիածինը եւ Ֆրանսիայի Իս Լե Մոլինո քաղաքները  քույր քաղաքներ են եւ համատեղ մի շարք ծրագրեր են  իրականացվում: Արդեն 20 տարվա համագործակցություն կա: Փոխանակման ծրագրեր են իրականացվել, մեր երեխաներից են գնացել այնտեղ: Այնտեղի երեխաներից են գալիս այստեղ: Նրանց ներդրմամբ մանկապարտեզներ են վերանորոգվում: Կարեն Գրիգորյանը հերթական աշխատանքային հրավերն էր ստացել, հետեւաբար մեկնել է »,- ասաց Վարդան Վարդանյանը: