41-ամյա Հրանտ Հարությունյանը թերթի կրպակից կատարել է զգալի չափերի հասնող գողություններ եւ հետքերը վերացնելու նպատակով հրկիզել այն: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

41-ամյա Հրանտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, «Պրես-ստենդ» ՍՊԸ-ին պատկանող թերթի կրպակներից տեխնիկական միջոցների գործադրմամբ ծռելով՝ բացել է կրպակների տանիքների մետաղյա թիթեղները, ապօրինի մուտք գործել կրպակ, որտեղից գաղտնի հափշտակել է տարբեր տեսակի ծխախոտներ, «Վիվասել» օպերատորի բջջային հեռախոսահամարներ, հայկական եւ օտարերկրյա մամուլ, լոտոներ, ձայնային կամուրջի քարտեր, «Ասուս» տեսակի նեթբուք համակարգիչ՝ իր սքաներ սարքով, գումար, որոնք դուրս բերելով կրպակից, դիտավորությամբ կրպակը ոչնչացնելու նպատակով հրկիզել է այն, դիմել փախուստի՝ «Պրես-ստենդ» ՍՊԸ-ին պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177   հոդվածի  2-րդ մասի   3-րդ կետով,  34-177    հոդվածի  2 –րդ մասի   1-ին կետով եւ  185    հոդվածի 2-րդ մասի  1-ին կետով:  Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 19-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: