Կոտայքի մարզի դատախազությունը մերժել է բավարարել դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը՝ քննիչին բացարկ հայտնելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը։

Բացարկ հայտնելու միջնորդությունը մերժելիս դատախազությունը  շեշտել է, թե քննիչը տրամադրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, մինչդեռ Վարդան Պետրոսյանը եւ նրա փաստաբանը ոչինչ չեն ստացել։ Ավելին՝ Նիկոլայ Բաղդասարյանը պահանջում է, որպեսզի հրապարակեն այն արձանագրությունները, որոնք կվկայեն, թե իրենք ստացել են այդ փաստաթղթերը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ քննիչին առաջին բացարկը ներկայացնելիս իրենց որեւէ փաստաթուղթ չէր տրամադրվել եւ մինչեւ  այս պահը չեն տվել դեռեւս կասկածյալ Վարդան Պետրոսյանի հարցաքննության արձանագրությանը, ինչպես նաեւ մյուս վարորդի մասնագիտական ակտը ալկոհոլ օգտագործելու վերաբերյալ: «Մինչեւ օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը չտրամադրեն, մենք չենք մասնակցելու քննչական գործողությունների։ Եթե իրենք հայտարարում են, որ տվել են այդ փաստաթղթերը, ստացվում է, որ կամ ես եմ սուտ ասում, կամ իրենք, ես պահանջում եմ՝ թող հրապարակեն արձանագրությունները եւ ցույց տան, որ ես ստացել եմ»,- ասաց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նաեւ նշեց, որ միջնորդությունը մերժելիս հայտնել են նաեւ, թե քննիչը Վարդան Պետրոսյանի հարցաքննությունը կիսատ չի թողել եւ չի հեռացել, այդ դեպքում նա պահանջում է հարցաքննության արձանագրությունը, որը քննիչը տրամադրել է դատարանին, իսկ պատճենը իրեն չեն հանձնել։ «Թող ինձ տան արձանագրությունը եւ ես կհրապարակեմ ու պարզ կլինի, թե ով է ճիշտ ասում, ով՝ սխալ, Կոտայքի մարզի դատախազը, թե ես»,- հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը։ Նա նաեւ նկատեց, որ դատախազությունը իր այս որոշմամբ միմիայն խոչընդոտում է քննության ընթացքը։

Մեկնաբանելով ոստիկանության արձագանքը, թե քննիչը գործել է օրենքի շրջանակներում, փաստաբանն ասաց, որ իրենք մնում են իրենց կարծիքին եւ ներկայացրել են քննիչի կողմից թույլ տրված խախտումների։ Նա շեշտեց, որ քննիչը առ այսօր իրենց տրամադրել է միայն փորձաքննությունների եզրակացությունները, իսկ փորձաքննություն նշանակելու որոշումը այդպես էլ չի ներկայացրել։

Ի դեպ, նոյեմբերի 21-ին ժամը 16.00-ին Վերաքննիչ դատարանում կկայանա Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու խնդրով դատական նիստը, որին դերասանը չի մասնակցի՝ ելնելով առողջական վիճակից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, եւ գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոցում»: Նրան տեղափոխել են «Քանկոր» սիրտ-անոթային բժշկության կենտրոն, քանի որ խնդիրներ ուներ սրտի հետ կապված, որոնք այժմ ավելի են սրվել: