Չինաստանը համաձայնել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի հանդեպ պատժամիջոցներն անարդյունավետ են։ Այս մասին, ինչպես հայտնում է AFP-ը, ապրիլի 2-ին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին՝ Պեկին կատարած այցի ժամանակ։

Ինչպես նա հայտնել է, բանակցությունների ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել։ «Մենք բանակցությունների ժամանակ փոխադարձաբար ընդգծել ենք, որ այդ պատժամիջոցները կորցրել են իրենց արդյունավետությունը», ասել է Ջալիլին։

Նա նշել է, որ Արեւմուտքը պետք է փոխի իր «սխալ մեթոդները» եւ դադարի ավելի խիստ պատժամիջոցներով սպառնալ Իրանին։

«Մենք ծանոթ ենք պատժամիջոցներին… եւ ավելի վստահ կգնանք մեր ճանապարհով»,- ասել է իրանցի պաշտոնյան։