Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնական այցը Բրազիլիա նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացմանը տարբեր ոլորտներում: Այս մասին, նոյեմբերի 20-ին, Բրազիլիայում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության  Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Բրազիլիա ժամանելու համար` պարոն Ալվեսը բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական կապերի ներկա մակարդակը:  Միջպետական հարաբերությունների խորացման գործում Պատգամավորների պալատի նախագահը մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական կապերին: Այս համատեքստում նա կարեւոր է համարել երկկողմ շփումները, բարեկամական խմբերի համագործակցությունը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առկա են ջերմ հարաբերություններ` հիմնված երկու ժողովուրդների ավանդական բարեկամության վրա: Նրա խոսքով` Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ավելի սերտ հարաբերությունների հաստատումը մեր երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցության լայն հնարավորություն կընձեռի: ԱԺ նախագահը նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր է վերապահվում միջխորհրդարանական:

Աբրահամյանն  անդրադարձել է  Ազգային կոնգրեսի ստորին պալատի երկու պատգամավորների կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդագրի նախագծին եւ նշել, որ այն, ցավոք, արտացոլում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ադրբեջանական խեղաթյուրված պատկերացումները եւ հակասում  հակամարտության կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշմանը: Այս առիթով  նա շնորհակալություն է հայտնել Ալվեսին՝ իր նամակին արձագանքելու,  ադրբեջանական հերթական սադրանքին տուրք չտալու եւ բանաձեւի նախագիծը օրակարգ չմտցնելու համար:

Էնրիկե Ալվեսը խորը ափսոսանք է հայտնել, որ նման բանաձեւի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ եւ շեշտել, որ Բրազիլիայի իշխանությունները  ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում որդեգրել են չեզոք դիրքորոշում եւ սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Հովիկ Աբրահամյանը Էնրիկե Ալվեսին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:

Պաշտոնական հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը եւ Էնրիկե  Ալվեսը ստորագրել են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության արձանագրություն, ըստ որի իրենց խորհրդարանական իրավասությունների շրջանակներում  կողմերը կնպաստեն համագործակցության զարգացմանը սոցիալական, քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային եւ այլ ոլորտներում:

ԱԺ նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում եւ Էնրիկե Ալվեսի ուղեկցությամբ շրջայց կատարել Պատգամավորների պալատում: