Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը Ագարակ գյուղի մոտ գտնվող արագաչափի շրջակայքում սանիտարական էտում է իրականացրել, որպեսզի այն տեսանելի լինի վարորդների համար:

Այս առնչությամբ, ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է. «Հրապարակ» օրաթերթի նոյեմբերի 12-ի համարում հրապարակված «Ագարակում արագաչափը թաքցրել են» հոդվածի կապակցությամբ ճանապարհային ոստիկանության կողմից կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 31.850 կ/մ-ին Ագարակ գյուղի տարածքով անցնող հատվածում տեղադրված 5.23.1 «Բնակավայրի սկիզբ» ճանապարհային նշանի շրջակայքում թեեւ առկա են եղել ծառերի թփեր, սակայն դրանք որեւէ կերպ չէին կարող խոչընդոտել ճանապարհային նշանի տեսանելիությանը։ Այն տեղադրված է հաստատված նորմերին համապատասխան եւ բավարար չափով տեսանելի է տրանսպորտային միջոցների վարորդների համար։

Նմանատիպ պնդումները բացառելու նպատակով այդ նշանի շրջակայքում կատարվել է թփերի սանիտարական էտում»: