Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող երկրի նախագահի նստավայրը, որտեղ աշխատել է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, այլեւս չի գործում:

«Նստավայրն այլեւս չի գործում: Այդ շենք կտեղափոխվի համալսարանը: Աշխատակազմի աշխատակիցները դեռեւս աշխատում են նստավայրի մոտ գտնվող շենքում: Ապագայում նրանք կտեղափոխվեն նոր նստավայր, որը գտնվում է Աթոնելի փողոցի վրա»,-«Նովոստի Գռուզիա»-ին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Լաշա Աբաշիձեն:

Միաժամանակ, Աբաշիձեն նշել է, որ ինքն արդեն աշխատակազմի վերակազմավորման մասին հրաման է ստորագրել:

«Օպտիմիզացման արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ»,-ասել է նա:

Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ աշխատել Սահակաշվիլիի համար կառուցված նստավայրում: Նա հանդես է եկել նախաձեռնությամբ՝ համալիրը փոխանցել վրաց-ամերիկյան համալսարանին: Իր հերթին Սահակաշվիլին եւ նրա կողմնակիցները պնդում են, որ նախագահական նստավայրը պահպանի իր գործառույթը:

Հավլաբար թաղամասում գտնվող նստավայրը գտնվում է Թբիլիսիի պատմական շրջանում: Նախագահի նորաձեւ Պալատի շինարարությունն սկսվել է 2004-ին, «վարդերի հեղափոխությունից» հետո եւ շարունակվել 5 տարի:

Այն ժամանակ գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նստավայրի բացման ժամանակ հայտարարել է, որ պալատի շինարարության արժեքը կազմել է 13 մլն լարի (7,8 մլն դոլար): Լրատվամիջոցներն ու ընդդիմությունն, իրենց հերթին, պնդում էին, որ այն ավելի թանկ է արժեցել, առնվազն մի քանի տասնյակ մլն դոլար: