Հայ-քուվեյթյան հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա եւ այդ հարաբերությունները կրում են ոչ միայն գործնական, այլեւ բարեկամական բնույթ, որի խոսուն ապացույցն է արաբական աշխարհի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երեւանում, Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Էլ-Քուվեյթի նահանգապետին՝ հրավերն ընդունելու եւ Երեւան այցելելու համար, ու համոզմունք է հայտնել, որ այս այցը երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ջերմ ու բարեկամական հարաբերությունները կտեղափոխի նոր հարթություն:
«Հաշվի առնելով մեր պետությունների օրինակը, համոզված եմ, որ մենք եւս երկու մայրաքաղաքների միջեւ կհաստատենք երկկողմ բարեկամական ու փոխշահավետ կապեր, ինչն էլ ավելի կամրապնդի ու կզարգացնի երկուստեք փոխգործակցությունն ու բարեկամությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, առանձնակի կարեւորել է երկու քաղաքների միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղված Երեւանի քաղաքապետի պատրաստակամությունը. «Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու մայրաքաղաքների միջեւ փոխգործակցություն հաստատելու եւ արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով եւ պետք է ընդգծեմ, որ մենք եւս շահագրգիռ ու պատրաստակամ ենք Երեւանի հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ հաստատելուն եւ ամրապնդելուն: Վստահեցնում եմ, որ արդեն առաջիկայում Երեւանն ու Էլ-Քուվեյթը կստորագրեն համապատասխան համաձայնագիր, որի շրջանակում էլ կծավալվի մեր համագործակցությունը»,- ընդգծել է Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահը:
Հյուրին ներկայացնելով Երեւան քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները, քաղաքապետը կարեւորել է նաեւ գործարար շրջանակների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը: Տարոն Մարգարյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավման եւ ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում. «Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց եւ պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր եւ ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Ըստ այդմ, նաեւ Ձեր անմիջական նախաձեռնողականությունն ենք ակնկալում պարոն նահանգապետ՝ Էլ-Քուվեյթի մասնավոր ընկերություններին Երեւանի ներդրումային ծրագրերը ներկայացնելու եւ դրանց իրականացմանը ներգրավելու հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կքննարկի ու կնախապատրաստի Երեւանի եւ Էլ-Քուվեյթի միջեւ ստորագրվելիք համաձայնագիրը:





























