Սարսափ-ֆիլմերի հերոսները «Զոմբիները գնում են Մեխիկո» երթի շրջանակներում մի քանի ժամով «շրջափակել են» Մեքսիկայի մայրաքաղաքի կենտրոնի մի հատվածը: «Դիակների ու վամպիրների» երթը շաբաթ օրն իր վրա է հրավիրել բազմաթիվ անցորդների ու զբոսաշրջիկների ուշադրությունը:

Երթին մասնակցել է մի քանի հազար մարդ, ովքեր նմանակել էին սարսափ ֆիլմերի հերոսների ու ամեն կերպ փորձում էին վախ առաջացնել անցորդների մոտ: Նրանք «հարձակվում էին» անցորդների վրա՝ սպառնալով երկար մագիլներով ու հսկա ժանիքներով: Որոշ «վամպիրների» նույնիսկ հաջողվել է «կծել» հանդիսատեսին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մութ ուժերի» ներկայացուցիչները վարորդների ու հետիոտների դժգոհությունը չեն առաջացրել: Ընդհակառակը, նրանք հնարավոր կերպով մասնակցում էին երթին՝ ցույց տալով, թե սարսափահար են ու փորձելով թաքնվել «հրեշներից»: Նման երթ Մեխիկոյում անցկացվում է արդեն 7-րդ անգամ, եւ տարեց տարի ավելանում է դրանց մասնակիցների թիվը: