Երեւանում տաքսիստների համար մոտ 20 անվճար կայանատեղի կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, տաքսիստների հետ հանդիպման ժամանակ նշել է Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նշենք, որ այս հանդիպումը նախարարը տարերային է նշանակել. Դրանից երկու ժամ առաջ տաքսիստները մամուլի ասուլիսի ժամանակ զանգահարել էին նախարարի ընդունարան ու հանդիպում խնդրել:

Ասուլիսի ժամանակ տաքսիստները հայտարարել են, որ ողջ քաղաքը վճարովի կայանատեղիներ են, եւ տաքսիստները կայանելու տեղ չունեն, որպեսզի սպասեն ուղեւորների:

Իսկ Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ տաքսիստների համար քաղաքում վաղուցվանից անվճար կայանատեղիներ կան: «Երեւանի քաղաքապետի պաշտոնում ես անձամբ եմ տաքսիների համար տեղ հատկացրել: Տարօրինակ է, որ դուք այդ մասին չգիտեք»,-ընդգծել է նախարարը:

Նշենք, որ կայանատեղիներն իսկապես գործում են: Ճիշտ է, դրանց մեծ մասը գլխավոր փողոցներից հեռու են, օրինակ, Դավիթաշենում գտնվում են գերեզմանոցի մոտ (բայց կան նաեւ հակառակ օրինակներ՝ «Այրարատ» կինոթատրոնի մոտ): Դա բացատրվում է նրանով, որ կայանված տաքսիները կարող են խանգարել երթեւեկությանը: