Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը՝ Արտակ Զաքարյանի նախագահությամբ, քննարկել է 2013 թ-ի հունիսի 25-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագիրը, որը ներկայացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Պայմանագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումները նախատեսվում է իրականացնել պարզեցված կարգով: Փոխնախարարը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը նման պայմանագիր մինչ օրս կնքել է միայն Բելառուսի Հանրապետության հետ:
Քննարկված պայմանագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:




























