Հայաստանում մասնավոր տաքսիստների համար ԱՊՊԱ-ի վճար պետք է 2,5 անգամ էժան լինի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԿՏրնսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է «Վարորդների պաշտպանության լիգա»-ի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ լրագրողներ:

«Ապահովագրողները մեզ հետ 3 ամսից ավելի երկար ժամկետով պայմանագիր չեն կնքում, այն էլ ամսական 20-25 հազար դրամ սակագնով. Իբր, տաքսիստը ողջ օրը ղեկին է, իսկ հոգնածությունից վթարներ շատ են լինում: Բայց դա վերաբերում է միայն տաքսի ծառայություններին, որտեղ մարդիկ աշխատում են 12-14 ժամ: Իսկ անհատ տաքսիստն աշխատում է այնքան, որքան անհրաժեշտ է, ուստի ավելի քիչ է հոգնում»,-հայտարարել է Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ ապահովագրությունը պետք է տարեկան 80-100 հազար դրամից նվազեցվի մինչեւ 37-40 հազար դրամի (ինչպես սովորական մեքենաների դեպքում է):

Ի պատասխան նախարար Բեգլարյանը նշել է, որ այդ խնդիրը չի վերաբերում իր ղեկավարած գերատեսչությանը. Ֆինանսական սեկտորը կարգավորում է Կենտրոնական բանկը: «Եթե դուք կարծում եք, որ տաքսիստների իրավունքները ոտնահարվում են, ապա դուք, որպես նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպություն, պետք է դիմեք դատարան: Դուք այդ խնդիրները կարող եք ներկայացնել նաեւ մեր նախարարություն, եւ եթե մեր իրավաբանները տեսնեն, որ ձեր բողոքն արդարացի է, նրանք մինչեւ վերջ կաջակցեն ձեզ»,-հավաստիացրել է նախարարը: