Հայաստանի հարցված բնակիչների 64 տոկոսը դրական են վերաբերում երկրի՝ Մաքսային միությանն անդամակցելուն: Այս մասին այսօր հայտարարել է «Marketing Professional Group»-ի տնօրեն, Հայաստանում «Gallup International»-ի ներկայացուցիչ Արամ Նավասարդյան: Հետազոտությունն իրականացվել է այս տարվա հոկտեմբերին՝ Երեւանի ու մարզերի 1067 բնակիչների թվում:
Նախորդ հետազոտության համեմատ՝ ՄՄ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը 67 տոկոսից հասել է 64-ի՝ նվազելով երեք տոկոսով:
Վերոհիշյալ 64 տոկոսից հարցվածների 28 տոկոսը այդ որոշումը գնահատել են որպես միանշանակ դրական, 36 տոկոսը՝ ավելի շատ դրական: Եվս 19 տոկոս չեզոք վերաբերմունք ունեն դրա հանդեպ: Հարցվածների միայն չորս տոկոսն է բացասական գնահատել այդ որոշումը: «Հատկանշական է, որ ՄՄ-ին միանալուն կողմ են ոչ միան քառասունն անց մարդիկ, այլեւ՝ երիտասարդները; Երեւանի ու մարզերի միջեւ մեծ տարբերություններ չեն գրանցվել»,-հավելել է Արամ Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ ՄՄ-ին անդամակցելու որոշման մասին սեպտեմբերի երեքին հայտարարել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:




























