Հայաստանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ադրբեջանի հետ սահմանին կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով Ղարաբաղում ռուսական խաղաղապահներ տեղակայելու հնարավորության մասին հարցին, նախարարը հիշեցրել է, որ սահմանին կանգնած են հայ զինվորները: «Մեր խաղաղապահներն իրենց հրաշալի են դրսեւորել տարբեր երկրներում: Սահմաններին տեղաբաշխված հայ խաղաղապահ զինծառայողները կատարում են իրենց վրա դրված պարտավորությունները: Աշխարհում չկո որեւէ կետ, որտեղ իրավիճակն այդպիսին լինի: Մենք անում ենք դա եւ շարունակելու ենք անել»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի ՊՆ-ն ԼՂՀ անկախության երաշխավորն է: «Դա նշված է ռազմական հայեցակարգում: Դա նշանակում է, որ մենք Պաշտպանության բանակի հետ միասին կկատարենք բոլոր դրված խնդիրները»,-ասել է նախարարը:

Ինչ վերաբերում է հնարավոր ագրեսիայի դեպքում Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի ներգրավմանը հակամարտության մեջ, Սեյրան Օհանյանը նշել է, որ բոլոր պարտավորություններն ամրագրված են երկկողմ համաձայնագրերով եւ ՀԱՊԿ կանոնադրությամբ:

Լուսանկարը՝ Արսեն Սագսյանի/NEWS.am