Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի շրջանակներում տեղի կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում եւ մայրաքաղաք Երեւանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:
Երեւանում՝ նախագահական նստավայրում, կկայանան երկկողմ բանակցություններ: Կողմերը կքննարկեն նախագահ Սերժ Սարգսյանի՝ ս.թ. սեպտեմբերի 3-ին ՌԴ կատարած այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր կփոխանակեն նաեւ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների եւ հետագա քայլերի շուրջ: Կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:
ՌԴ Նախագահի հայաստանյան այցի արդյունքները կամփոփվեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ:




























