Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ Կոնստանտին Բիրյուլինին, ով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ս.թ. նոյեմբերի 25-29-ը Երեւանում անցկացվող հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցեց նաեւ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը:
ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնում են, թե, բարձր գնահատելով ռազմավարական եւ դաշնակցային բնույթ կրող հայ-ռուսական համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, Ա.Բաղդասարյանն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում հայկական կողմի հետ իրականացված աշխատանքի արդյունավետությունը: Պատասխան խոսքում Կ.Բիրյուլինն իր հերթին նշել է, որ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանի ակտիվ աջակցությունը եւ օգտակար նախաձեռնությունները մեծապես նպաստում են ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացմանը:
Կ.Բիրյուլինը եւ Ա.Միրզաբեկյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին են ներկայացրել նաեւ միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգի շրջանակներում իրականացվող աշխատանքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ամփոփելով հանդիպման արդյունքները` կողմերը երկուստեք կարեւորեցին երկկողմ շփումների ակտիվացման, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արդյունավետության բարձրացման եւ փոխգործակցության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը:
Կ.Բիրյուլինը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի աշխատանքներին գործնական մեծ աջակցություն ցուցաբերելու համար:




























