Թուրքիայում վերջին մի քանի օրվա մեջ ազատ էին արձակվել «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մեջ մեղադրվող19 բարձրաստիճան գեներալներ, սակայն դատախազների առարկության հիման վրա Ստամբուլի 12-րդ ծանր հանցագործությունների հարցերով դատարանը որոշում է կայացրել կրկին կալանել նախկինում ազատ արձակվածներից 21-ին, այդ թվում` թիվ մեկ մեղադրյալ, 1-ին ցամաքային զորքերի նախկին հրամանատար, գեներալ Չեթին Դողանին: Դատարանը դատախազների դիմումը միայն մեկ անձի հետ կապված է մերժել:
Ապրիլի 5-ի առավոտյան Թուրքիայի տարբեր քաղաքներում արդեն ձերբակալվել են 10 հոգի:
Նշենք, որ մարտի Մարտի 31-ին ընդհանուր առմամբ 19 զինվորական է ազատ էր արձակվել, որոնց մեջ էր նաեւ «Մեծ մուրճ» ծրագրի փաստաթղթի տակ ստորագրած, 1-ին ցամաքային ուժերի նախկին հրամանատար Չեթին Դողանը: Այսպիով, հիշյալ գործի շրջանակներում ձերբակալված 41 հոգուց կալանքի տակ էր մնացել միայն 6-ը: Բոլոր ազատ արձակվածների համար դատարանը տարբեր հիմնավորումներ էր ներկայացրել, որոնց շարքում հիմնականը եղել էր ապացույցների անբավարարությունը:
NEWS.am-ը հիշեցնում է, որ թուրքական Taraf-ի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում էր եւս չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։ Նախատեսված է եղել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրա գցել կործանիչներ, դրանցով ցույց տալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը եւ իրականացնել հեղաշրջում։




























