Ապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) հովանու ներքո կազմակերպվող բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Ըստ այդմ, լավագույն արդյունքները ցուցաբերած բռնցքամարտիկները կարժանանան ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից սահմանված մրցանակին: Միջազգային այս մրցաշարն անցկացվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և այն ընդգրկված է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի` EUBC-ի 2010թ. միջոցառումների օրացուցային պլանում:

Այս մրցաշարին մասնակցության հայտ է ներկայացրել 13 երկիր` Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Գամբիան, Վրաստանը, Իրանը, Ղազախստանը, Մակեդոնիան, Մոլդովան, Մոնղոլիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը, սակայն այս պահի դրությամբ, մասնակից երկրների վերջնական թիվը 9 է: Երեւան չեն ժամանելու Մոնղոլիայի, Գամբիայի, Ուզբեկստանի և Մակեդոնիայի հավաքականները:

9 երկրների կողմից վերջնական հաստատման ներկայացրած ցանկի համաձայն՝ մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է 160-ի, որից 113-ը մարզիկներն են:

Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին, ժամը 15-ին, մարտերի սկիզբը` ամեն օր, ժամը 16-ից, եզրափակիչը` ապրիլի 10-ին, ժամը 12-ին: