Armenia Today լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին նոյեմբերի 28-ին ՀՔԾ-ից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց վերլուծաբանը։

Կիվիրյանին ու նրա փաստաբաններին տրամադրվել են քրեական գործի նյութերը։

Կիվիրյանի խոսքով՝ նախաքննությունը որոշել էին վերսկսել այն պատճառով, որ  նախորդ անգամ առերեսման ժամանակ երեք ոստիկանների ցուցմունքներում եղել են իրական հակասություններ. «Դասը վատ էին սովորել, դրա համար էլ, որ հակասութունները դզմզեին, նախաքննությունը վերսկսել էին, որ հարմարեցնեին՝ ինչն էին հիշել, ինչը չէին հիշել»։

Ըստ Կիվիրյանի՝ սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ այդ ցուցմունքները արհեստական են։

«Ակնհայտորեն գնում են քրեական գործը սարքելու, անգամ դրանից է երեւում, երեք ոստիկան պատմում են նույն դեպքի մասին՝ ինչ է տեղի ունեցել՝ հակասություններով»,- ասաց վերլուծաբանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նախաքննությունը վերսկսելու վերաբերյալ ՀՔԾ-ից ուղարկված գրության մեջ նշված է եղել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի կողմից ցուցում է տրվել գործով լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո  Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու,  եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ սուտ մատնություն հատկանիշներով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am