Ոչ Հայաստանը, ոչ Եվրոպան չեն հրաժարվի միմյանց հետ համագործակցելուց. դա հիմարություն կլինի: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով այսօր Վիլնյուսում մեկնարկած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին:
Նրա խոսքով՝ Վիլնյուսը կանցնի կգնա, իսկ Հայաստանը շարունակելու է վարել իր քաղաքականությունը եվրոպական երկրների հետ այն մակարդակում, որում հնարավոր է: «Հայաստանը կշարունակի իր համագործակցությունը Եվրոպայի հետ այն շրջանակներում, որոնք հնարավոր կլինեն, սակայն երբ որոշակի ժամանակ անցնի: Դա հասկանում են թե հայերը, թե եվրոպացիները: Ինձ թվում է՝ դա Վիլնյուսում ինչ-որ կերպ կամրագրվի՝ ինչ-որ հայտարարություն կարվի, կամ փաստաթուղթ կստորագրվի»,-ընդգծել է Իսկանդարյանը՝ կարծիք հայտնելով, որ անկախ նրանից, կլինի փաստաթուղթ, թե ոչ, խոսքերը, որոնք կասվեն, հասկանալի են արդեն այսօր: Նա ընդգծել է, որ Հայաստանը ԵՄ հետ աշխատել է 3,5 տարի ու բավականին լավ է աշխատել:
Հիշեցնենք, որ «Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովի ընթացքում նախատեսվում էր ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիր նախաստորագրել: Սակայն սեպտեմբերի երեքին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը:




























