Հրաժարվելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքումից՝ Հայաստանը որեւէ բան չկորցրեց, ոչ էլ՝ ձեռք բերեց: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով այսօր Վիլնյուսում մեկնարկած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին:

«Պատրաստվում էինք իրականացնել մի նախագիծ, սակայն չստացվեց, մենք պատրաստվում էին վերցնել երկուսը, վերցրինք մեկ ու կեսը կամ երեք տասնորդականը: Այսինքն՝ Հայաստանը պատրաստվում էր քայլ կատարել իր համար ստանդարտ դարձած կոմպլեմենտարիզմի քաղաքականության շրջանակներում՝ կմնանք այդ ձեւաչափում, բայց ձեռք կբերենք նաեւ մյուսը, սակայն «մյուսը» ձեռք բերել չհաջողվեց»,-նկատել է քաղաքագետը՝ հավելելով, որ ձեռք է բերվելու նախատեսվածի համեմատ չափազանց սահմանափկ ձեւաչափով մի բան: Իսկանդարյանի խոսքով՝ վիզային ռեժիմը թեթեւացնելու ու ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագիրը արդեն ստորագրվել է եւ բավականին իրատեսական է, որ կսկսվի բանակցությունների հաջորդ փուլը, որի վերջնակետը կլինի Հայաստանի ու ԵՄ միջեւ առանց վիզային ռեժիմը:

«Եվրոպան նույնպես ոչինչ չկորցրեց, դա նախագիծ էր, որի շրջանակներում բարձրացվում էր Եվրոպայի համագործակցության ձեւը չորս երկրների հետ: Այսօրվա դրությամբ՝ դա կանդրադառնա երկու երկրների վրա՝ Մոլդովայի ու Վրաստանի»,-ընդգծել է Իսկանդարյանը: