Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Սահակյանը նոյեմբերի 27-ին հանդիպում է ունեցել ՂՀ վարչապետ Սերիկ Ախմետովի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Ղազախստանի վարչապետը ողջունել է Հայաստանի դեսպանին՝ իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ նրան մաղթել արդյունավետ աշխատանք:

Սերիկ Ախմետովը հաստատել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված Ղազախստան այցելելու հրավերը: Այցը երկուստեք կարեւորվել է որպես զգալի խթան՝ երկկողմ առեւտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման առումով:

Կողմերն անդրադարձել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության զարգացման հարցերին: Մասնավորապես, ՂՀ կառավարության ղեկավարը խոստացել է Ղազախստանի աջակցությունը Հայաստանին՝ ՄՄ-ին անդամակցության «Ճանապարհային քարտեզի» մշակման եւ համապատասխան փորձագիտական խմբերի համագործակցության  հարցերում: