Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներին` գլխավորությամբ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ գնդապետ Սամվել Ղուկասյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, թե հանդիպման սկզբում Ռազմական ոստիկանության պետն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է կառույցի գործունեությունը, մասնավորապես համակարգում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները:

Ողջունելով Ռազմական ոստիկանության աշխատակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նրանց:

Վեհափառ Հայրապետը կարեւորել է Ռազմական ոստիկանության պատասխանատու աշխատանքը` ուղղված հայ զինվորի բարոյական նկարագրի կերտմանը եւ հատկապեէ բանակում անցանկալի երեւույթների կանխարգելմանը: Այս կապակցությամբ անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ Զինված ուժերում հոգեւոր առաջնորդության առաքելությանը:

Իր հերթին գնդապետ Սամվել Ղուկասյանը կարեւորել է Հայոց բանակի հոգեւոր առաջնորդության հետ համագործակցությունը: Ռազմական ոստիկանության պետը վստահեցրել է նաեւ, որ ամեն ջանք կգործադրվի` կառույցի առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծման համար: