Տեղական ինքնակառավարման կառույցների զարգացմամբ ու ապակենտրոնացմամբ է միայն հնարավոր խոսել երկրի ժողովրդավարության լուրջ ձեռքբերումների մասին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում Նայջել Մերմագենի ղեկավարած ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել եվրոպացի գործընկերների աջակցությունն այս ոլորտում, հավաստիացրել, որ նրանց առաջարկները, դիտողություններն ու օժանդակությունը շատ կարեւոր են ոլորտի հիմնախնդիրների լուծման համար եւ միաժամանակ հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Նայջել Մերմագենը տեղեկացրել է, որ ԵԽ-ն պարբերաբար՝ 5 տարին մեկ անգամ, պատվիրակություններ է գործուղում ԵԽ բոլոր 47 երկրներ՝ ծանոթանալու եւ հետեւելու տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման եւ կոնվենցիայով նախատեսված դրույթների կատարման ընթացքին: Նա գոհունակությամբ արձանագրել է, որ նախորդ այցից հետո հատկապես զգալի տեղաշարժ կա Երեւանի կառավարման համակարգի զարգացման առումով, բայց նույնը չի կարող ասել տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխման աշխատանքների մասին:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ առաջին քայլերը ոլորտում նրանց աջակցությամբ կատարված են, եւ գործող իշխանությունները ունեն բավարար քաղաքական կամք սկսած բարեփոխումները ավարտին հասցնելու համար: Նա տեղեկացրեց, որ խորհրդարանը ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես ֆինանսական հատկացումները համայնքներին հասցեական դարձնելուն, ՏԻՄ պատվիրակված լիազորությունները արդյունավետ կիրառելուն ուղղված օրենսդրական քայլեր է իրականացնում՝ քննարկումներին ու հանրային լսումներին ներգրավելով ՏԻՄ ներկայացուցիչներին ու քաղաքացիական հասարակության կառույցներին: Նա հավաստիացրեց, որ Հայաստանի օրենսդիր մարմինը ՏԻՄ ոլորտի բարեփոխումների նպատակով հետայսու եւս պատրաստ է բաց եւ հրապարակային քննարկումներ կազմակերպելու բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ միաժամանակ ակնկալելով ԵԽ գործուն աջակցությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ ՏԻՄ ոլորտի բարեփոխումներին առնչվող այլ հարցեր: