Մոլդովայի հետ միավորումը պետք է դառնա Բուխարեստի կարեւորագույն ծրագիրը: Այդ մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն:
«Ես համոզված եմ, որ եթե Մոլդովան միավորման ցանկություն հայտնի, Ռումինիան միշտ պատրաստ է: Ռումինիայի ՆԱՏՕ մուտք գործելու վերաբերյալ հիմնարար նախագիծ ուներ, կար մեկ այլ նախագիծ ԵՄ անդամակցության մասին: Կարծում եմ երրորդ հիմնարար ծրագիրը կդառնա Մոլդովայի հետ միավորումը: Անկասկած»,- ռումինական ազգային TVR-1 հեռուստաընկերությանը չորեքշաբթի երեկոյան հայտնել է Տ.Բեսեկուն:
Նա իր վստահությունն է հայտնել, որ սա «իրական ծրագիր է, որը Բուխարեստի ուժերի սահմաններում է»:
«Ես անգամ չեմ հաշվում քաղաքական գործիչներին, նրանց կարծիքներն ու ցանկությունները: Ժողովուրդը, որը ցանկանում է միասին լինել, ոչնչի առաջ չի կանգնի: Մոլդովայի հետ կապված իմ գործողությունները կապված են հնարավոր միավորման գաղափարի հետ: Գիտեմ, որ այժմ ժամանակը չէ: Սակայն դա տեղի կունենա, քանի որ մարդկանց արյունը ջուր չէ»,- ասել է Ռումինիայի նախագահը, հաղորդել է «Интерфакс»-ը:
Այն հարցին, թե արդյոք նա խորհրդակցել է ռումինական դիվանագիտության հետ, Տ. Բեսեսկուն հայտարարել է, որ քաղաքականությանը ինքն է երանգավորում տալիս: Հուլիսին Քիշնեւ կատարած այցի ժամանակ Ռումինիայի նախագահը հայտնել էր, որ իր լիազորությունների ավարտից հետո կխնդրի իրեն Մոլդովայի քաղաքացիություն տրամադրել, որպեսզի «Քիշնեւում պայքարի Մոլդովայի ու Ռումինիայի միավորման համար»:





























