Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին  այսօր՝ նոյեմբերի 28-ի կեսօրից, Մարդու իրավունքների պաշտպանի  գրասենյակի  դիմաց 24 ժամյա հացադուլ եւ նստացույց է սկսել՝ պահանջելով, որ Պաշտպանի աշխատակազմը  հրապարակի՝  իրեն օգոստոսի 23-ին  ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու կապակցությամբ ունեցած ողջ տեղեկատվությունը:

Այս առնչությամբ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Պաշտպանի աշխատակազմը ժամանակին ուղարկել է պարոն Գասպարիին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ ամբողջական տեղեկատվությունը  ոստիկանությունից ստացված պատասխանների վերաբերյալ:

«Այնուհանդերձ,  այսօր նրան նաեւ առձեռն տրամադրվել է արդեն իսկ ուղարկված փաստաթղթերի պատճենները:

Պաշտպանի գլխավոր խորհրդական Ռուբեն Մարտիրոսյանը զրուցել է Վ. Գասպարիի հետ, հրավիրել ընդունարան,  սակայն նա հրաժարվել է:

Պաշտպանի աշխատակազմի կողմից Վարդգես  Գասպարիին է առաջարկվել տաք ըմպելիք՝ թեյ կամ սուրճ, ինչպես նաեւ վատ եղանակի դեպքում պատսպարվելու համար անհրաժեշտ  բոլոր  պարագաները:

Պաշտպանի գլխավոր խորհրդականը քիչ առաջ  մուտքի մոտ ժամանած  ոստիկաններին հորդորել է չխոչընդոտել պարոն Գասպարիի  նստացույցին՝ համարելով, որ դա նրա իրվունքն է եւ բողոքը արտահայտելու  նրա նախընտրած տարբերակը»,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ: