Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին,  ընդունել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինին: Նա Հայաստան է ժամանել ս.թ. նոյեմբերի 25-29-ը Երեւանում անցկացվող հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:

«Հայաստանն առանձնակի կարեւորություն է տալիս հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը եւ շահագրգռված է խորացնել այն», - նշել է վարչապետ Սարգսյանը եւ բարձր գնահատել պարոն Բիրյուլինի անձնական ներդրումը երկկողմ ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման գործում:

Իր հերթին Կոնստանտին Բիրյուլինն ընդգծել է, որ Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործակցությունը եւ քայլեր է ձեռնարկում այն զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական գործակցության ընթացքին եւ ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կոնստանտին Բիրյուլինը եւ Ալիկ Միրզաբեկյանը վարչապետին են ներկայացրել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքների արդյունքները: Նշվել է, որ առկա է լիարժեք փոխըմբռնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցում: