Դատական անարդարությունների դեմ պայքարող՝ Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը նոյեմբերի 28-ին կրկին նստացույց է սկսել նախագահի նստավայրի դիմաց, այս անգամ՝ կնոջ և երեք երեխաների հետ։
«Մենք նախկին նստացույցերով պահանջում էինք, որ Արմավիրի մարզի դատախազությունից մեր քրեական գործը հանեն: Գլխավոր դատախազին հանդիպեցինք, ասեց, որ կհետևի, որ արդար քննություն անցկացվի, բայց ոչ մի բան չփոխվեց դրանից հետո: Մենք անորոշ վիճակում ենք: Թող գոնե մի որոշում անեն, թե չէ ոչ զանգում ասում են՝ հարգելիս, ձեր գործը քննվում ա, ոչ էլ ասում են՝ մերժել ենք»,- NEWS.am-ին ասաց Աշոտ Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը:
Նստացույց հայտարարած ընտանիքը պատրաստվում է այնքան մնալ Բաղրամյան փողոցում, մինչև գործը դուրս բերվի Արմավիրի մարզի դատախազությունից: Հիշեցնենք, որ Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը նոյեմբերի 6-ին հինգերորդ անգամ նստացույց էր հայտարարել նախագահական նստավայրի մոտ, այնուհետև կարել բերանը: Նա պնդում է, որ իր քույրը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի գրասենյակից գողացել է իր պապու կտակն ու կեղծել այն: Նա նամակներով դիմել էր նախագահին և գլխավոր դատախազին, պահանջել, որ «բացահայտեն հանցագործներին»: Նոյեմբերի 13-ին գլխավոր դատախազը ընդունել էր Աշոտ Խուդոյանին, խոստացել նոր քննություն նշանակել և անձամբ հետևել գործի քննությանը, որից հետո Խուդոյանը բերանի կարերը քանդել էր եւ գնացել տուն։




























