Երեւանում՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում, նոյեմբերի 25-29-ին, տեղի է ունեցել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 8-րդ նիստը: Նիստը վարում էին հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը եւ ռուսական մասի նախագահ Կ.Բիրյուլինը: Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության եւ պայմանագրաիրավական բազայի  զարգացմանը վերաբերվող հարցեր:

Երեւանում անցկացված նիստի շրջանակներում միջկառավարական հանձնաժողովի երկու կողմերի համանախագահները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանի եւ ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի հետ:

Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում մասնակիցներն այցելել են «ԿԱՄԱԶ»  թափքով հատուկ ինժեներական տեխնիկայի եւ ավտոմեքենաների վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման արտոնագրված սպասարկման կենտրոն:

Ռուսական կողմը Նիստի ընթացքում իրականացրել է ռուսական արտադրության ռազմատեխնիկական նշանակության մի շարք արտադրանքների ցուցադրություն:

Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, ինչպես նաեւ Նիստի Արձանագրությունը:

Կողմերը պայմանավորվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 9-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում: