Վիլնյուսում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում ԵՄ-ն պատրաստ էր Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել՝ առանց  նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին բուժման նպատակով արտասահման ուղարկելու վերաբերյալ նախկինում առաջադրված պահանջը կատարելու, ուրբաթ օրը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է «Արեւելյան գործընկերության» պատվիրակություններից մեկի աղբյուրը:  

«Ուկրաինայի որոշումը խոր հիասթափություն է առաջ բերել: ԵՄ-ն պատրաստ էր համաձայնագիրն ստորագրել առանց պայմանի՝ նույնիսկ առանց Տիմոշենկոյի», — ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա՝ ԵՄ-ի ղեկավարությունը նույնիսկ այդ հարցով խորհրդակցել է Վիլնյուս ժամանած ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչների հետ: «Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն ընդդիմության հետ հանդիպման ժամանակ հարցրել է. «Ի՞նչ անենք մենք, եթե կառավարությունը որոշի ստորագրել առանց Տիմոշենկոյի պայմանի»: Ընդդիմադիրները նրան ասել են. «Ստորագրեք», — պատմել է աղբյուրը:

Միաժամանակ, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նամակ է  ուղարկել Յուլիա Տիմոշենկոյին, որում նշվում է, թե «Եվրախորհրդարանը խորապես ցավում է, որ Ուկրաինան միակողմանիորեն որոշել է ընդհատել ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման գործընթացը: Ուղերձը հանձնվել է Տիմոշենկոյի դստերը՝ Ուկրաինայում Եվրամիության մոնիտորինգային առաքելության համանախագահներ Փեթ Քոքսի եւ Ալեքսանդր Կվասնեւսկու ներկայությամբ: Շուլցը նաեւ Յուլիա Տիմոշենկոյին կոչ է արել դադարեցնել հացադուլը, որը վերջինս հայտարարել էր  «եվրոմայդանի» մասնակիցներին զորակցություն հայտնելու համար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: