Չորս տարում արեւելյան գործընկերները մեծ առաջընթացի են հասել եւ ազատ կամքով ընտրում են Եվրոպան. նրանց համար դա ավելի լավ, ավելի անվտանգ, եվրոպական արժեքների վրա հիմնված ապագա կերտելու հնարավորություն է: Այս մասին նոյեմբերի 29-ին «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի լիագումար նիստում հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
«Այսօր մենք ասոցացման մասին համաձայնագրեր ենք ստորագրել, ինչը «Արեւելյան գործընկերություն» ծրագրի զարգացման ոչ պակաս կարեւոր առարկա է», - նշել է նախագահը:
Լիտվայի նախագահը նաեւ ընդգծել է, որ ԵՄ-ի հետ վեց երկրների սերտացումը եւ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին համապատասխան ապրելու նրանց ձգտմանն աջակցելը ԵՄ-ի խորհրդում Լիտվայի նախագահության կարեւորագույն առաջնահերթություններից է: «Միասին մենք շատ բանի ենք հասել, բայց սա դեռ վերջը չէ»:
Նշենք, գագաթաժողովի ընթացքում ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիր է ստորագրվել: Հայաստանում պարզեցված ռեժիմը կգործի հաջորդ տարվանից, հայտնում է ԵՄ-ում Լիտվայի նախագահության կայքը:





























