Վիլնյուսում տեղի է ունեցել Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման պաշտոնական արարողությունը: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, նրա տեղակալ Դավիթ Զալքիանին եւ ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը: Համաձայնագիրը ստորագրվել է վրացական «Սուլիկո» երգի եւ «Շալախո» պարի հնչյունների ներքո: Հնչել է նաեւ ԵՄ հիմնը:
Վրացական կողմը նաեւ երկրորդ փաստաթուղթն է ստորագրել, ըստ որի Վրաստանը ներգրավվում է ճգնաժամերի կառավարման հարցերով գործողություններում:
Իսկ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Իրակլի Կվիրիկաշվիլին եւ ԵՄ առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





























