«Բրենդ Մեդիա Տրանս» ՍՊԸ-ն իր մեղավորությունը կամ սխալը չի տեսնում «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադային մասնակցելու մեկնող հայ մարզիկների հետ կատարված անախորժության հետ:

Ընկերության տնօրեն Տիգրան Աճեմյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իր հաղորդագրության հիման վրա է հարուցվել քրեական գործ, իսկ իրենք ճանաչվել են որպես տուժող կողմ: Իր տեղեկություններով՝ գործի շրջանակներում պատճառված վնասը դեռ չի վերականգնվել:

«Այդ կնոջը առաջին անգամ տեսել ենք այդ դեպքերի հետ կապված, այս պահի դրությամբ տուժողը մենք ենք: Ամեն ինչ ավելի բարդ է, որի մասին ես ձեզ չեմ ասի: Ես Վիկայի մասին բացարձակ ոչինչ համարյա չգիտեմ: Մեր աշխատողները իրենց պարտականությունները կատարել են, գումարը փոխանցվել է, ավիատոմսերը դուրս են գրվել, թե հետո երրորդ, չորրորդ անձինք ինչ խնդիրներ են ունեցել, ոչ մեր ընկերության հետ կապված, ոչ էլ մեր աշխատողների»,- ասաց Տիգրան Աճեմյանը՝ խուսափելով ասել, թե ով է իրենց խորհուրդ տվել այդ կնոջը դիմել: Նա առհասարակ խուսափում էր որեւէ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, թե նախաքննություն է ընթանում, «բազմաթիվ մարդիկ են հարցաքննվում, այդ ամբողջի արդյունքում կորոշվի ով ինչ է արել»:

«Բրենդ Մեդիա Տրանս» ՍՊԸ-ի տնօրենը նշեց, որ չգիտի, թե այդ կինը ով է, ինչ ընկերություն է ներկայացնում.  «Մենք այդ կնոջ հետ գործ չենք բռնել, միջնորդավորված է այդ ամենը եղել: Մենք մեր վրա դրված պայմանագրային պարտավորությունները կատարել ենք, երրորդ անձի պատճառով առաջացել են խնդիրներ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մենք ճանաչվել ենք տուժող, մենք ոչ պատասխանող ենք, ոչ վկա»,- նշեց նա:

Տիգրան Աճենմանը նշեց, որ նախկինում երբեւէ նման դեպքերի մեջ չէին հայտնվել, շատ ցավում են եւ սա շատ վատ է ազդում իրենց հեղինակության վրա: «Տոմսերի հետ կապված խնդիր չի եղել, գումարը փոխանցվել է, իրական տոմսեր են եղել, որոնցով հնարավոր է թռչել: Մինչեւ վերջին օրը իրական տոմսեր են եղել եւ հայտնաբերելու խնդիր չի եղել: Վերջին օրն է պարզվել, որ այդ տոմսերի հետ կապված խնդիր է առաջացել: Ի սկզբանե մենք տոմսերը ստուգել ենք, դրանք իրական տոմսեր են եղել, մինչեւ վերջին օրը ամեն ինչ հստակ ու պարզ է եղել»,- ասաց նա:

Նա նշեց, որ դպրոցականների հանրապետական մարզական Ֆեդերացիայի իրավունքն է դիմել Ֆինանսների նախարարություն՝  հետագայում այդ ընկերության մրցույթներին մասնակցելու խնդրով, դեռ իրենք որեւէ գրություն չեն ստացել, երբ իրենց դիմի Գնումների գործակալությունը, պարզաբանումներ կներկայացնեն: Գրություն չեն ստացել նաեւ ֆեդերացիայի իրենց հետ պայմանագիրը կասեցնելու եւ փոխհատուցում պահանջելու վերաբերյալ. «կդիմեն դատարան, կերեւա, այս պահի դրությամբ  քրեական գործ է գնում, իրենք քաղհայցով կարող են միանալ այդ գործին»:

Դիտարկմանը, թե ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը վատ վիճակի մեջ էր հայտնվել, վերջին օրով մեծ դժվարության տոմսեր էր գնել, նշեց, որ 2 օր ոտքի վրա է մնացել, Տիգրան Աճեմյանը հակադարձեց՝ «Եթե պարոն Մեհրաբյանը երկու օր է ոտքի վրա է, մենք 5 օր է՝ ոտքի վրա ենք»: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ առաջին անգամ Բրազիլիայում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադային մասնակցող հայ մարզիկները հայտնվել են սկանդալի կենտրոնում: Բանն այն է, որ հենց «Զվարթնոց» օդանավակայանում նրանք հայտնաբերել են, որ իրենց տոմսերի հետ կապված անախորժություն կա, լիարժեք գնում չէր կատարվել: Արդյունքում ֆեդերացիան ձեռնամուխ է եղել իր միջոցներով վերջին պահին մեծ դժվարությամբ նոր տոմսեր գնելուն եւ վերջապես ժամեր ուշացումով մարզիկները կարողացել են թռչել:

Դեպքի վերաբերյալ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ նոյեմբերի 25-ին «Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ի տնօրենը դիմել է ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նշելով, որ ընկերությունը նոյեմբերի սկզբներին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղեւորվելու նպատակով 18 տոմս ձեռք բերելու համար  ավիատոմսերի վաճառքով զբաղվող Վիկտորիա Մ-ին փոխանցել է մոտ 12 մլն դրամ, որը վերջինս յուրացրել է. Դեպքի առթիվ նոյեմբերի 26-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:Այդ հոդվածով սահմանվում է յուրացումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նույն օրը Վիկտորիա Մ-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն: