«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 2-ից 3-ը կազմակերպում է «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձեւավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումը:
Ֆորումի շրջանակում կքննարկվեն ՀՀ կրթության որակի ապահովման հիմնախնդիրները, բուհերի փորձնական ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման գործընթացները, որակյալ կրթության մարտահրավերները: Միջազգային փորձագետների կողմից կներկայացվեն եվրոպական չափանիշներին համապատասխան ՈԱԱԿ-ի նախնական արտաքին գնահատման արդյունքները:
Ֆորումի բացմանը ելույթ կունենան Նիդերլանդների եւ Ֆլանդրայի հավատարմագրման գործակալության գործադիր խորհրդի անդամ Լուսիեն Բոլաերթը եւ ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, Հավատարմագրման հանձնաժողովի անդամ Հայկ Քոթանջյանը:
Զեկույցներով հանդես կգան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը: Առաջին նիստը կնախագահի ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կներկայացնի «Անցումային ժամանակաշրջանը որակի ապահովման համակարգում. արդյունքները, խնդիրները եւ հաջորդող բարելավումները» զեկույցը:
Բարձրագույն ուսումնական եւ մասնագիտական ուսումնական հաստատությունների պատասխանատուները, որակի ապահովման փորձագետները, դասախոսները, որակյալ կրթությամբ շահագրգիռ անձինք, ուսանողները հնարավորություն կունենան փոխանցելու իրենց փորձն ու գիտելիքները, քննարկելու ոլորտում առկա հիմնախնդիրները:
Ֆորումի երկրորդ օրը միջազգային փորձառու մասնագետները կվարեն աշխատաժողովներ հետեւյալ թեմաներով`
Բոլոնիայի գործընթացի շրջանակում կրթության արդիականացումը եւ ազդեցությունը մասնագիտական կրթական ծրագրերի վրա,
Արտաքին եւ ներքին շահակիցների ներգրավումը` աշխատաշուկայի եւ շրջանավարտների պահանջներին համապատասխան,
Արվեստի բուհերի եւ կրթական ծրագրերի արտաքին գնահատման առանձնահատկությունները:
Այս ֆորումի իրականացմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, Նիդերլանդների եւ Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալությունը, Երեւանի պետական համալսարանը, Երեւանի պետական բժշկական համալսարանը եւ Երեւանի պետական կոնսերվատորիան:





























