Դավթաշեն եւ Արաբկիր շրջաններում բնակարաններ գնած քաղաքացիներն ընդդեմ «Տոնուս» ՍՊԸ-ի գործով դատական նիստերը շարունակվում են,  սակայն ոչ մի արդյունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից տուժած քաղաքացիներից մեկը` Փափազյան փողոցում կառուցված շենքից բնակարան գնած երգիչ Արթուր Իսպիրյանը:

Նա նշեց, որ դատարանը իրենց ոչ մի պատասխան չի տալիս, ամեն ինչ թողել է բանկի եւ բնակչի վրա:

Իսկ «Արցախ» բանկն էլ իրենց բնակարանները վերադարձնելու համար հավելյալ գումարներ է պահանջում, մասնավորապես՝ Դավթաշենում բնակարան գնած քաղաքացիները քմ-ի համար պետք է 350-400 դոլար ավել գումար վճարեն, իսկ Փափազյան փողոցում բնակարան գնածները՝ քմ-ի համար 200 դոլար ավել վճարեն:

««Տոնուսի» պարտքը 6 մլն դոլար է, մեզնից են ուզում դա վերցնել:

Ուզում են, որ ժողովուրդը վճարի, որովհետեւ «Տոնուսը» սնանկ է ճանաչվել: Ուզում են փող գանձել, դա էլ այն դեպքում, երբ բնակիչների գումարը յոթ տարի իրենց մոտ է եղել, իրենք գերշահույթ ունեն եւ դեռ իրենք պետք է մեզ վճարեն»,- ասաց երգիչը: Բանկը շաբաթվա սկզբին պետք է իրենց պատասխան տար, սակայն ոչ մի որոշակի բան չեն հայտնել. «պետք է գնանք նախագահական, ամեն կերպ պետք է այնպես անենք, որ բանկը մեզ վերադարձնի մեր սեփական բնակարանները»:

Արթուր Իսպիրյանը նշեց, որ «Տոնուս» ընկերությունը այժմ սնանկ է ճանաչվել, ղեկավարներն էլ հայտնի չէ, թե որտեղ են, բայց նրանք չեն վայելելու այդ բնակիչների գումարները: Նա շեշտեց, որ այդ ընկերության հարցով պետք է զբաղվեն իրավապահները եւ պատասխանատվության ենթարկեն, քանի որ այդքան տարի մարդկանց խաբել է եւ չպետք է անպատիժ մնա:

«Ինձ թվում է՝ «Տոնուսը» բանկի հետ համագործակցել է, մեր գործում մաղել են այն բնակիչներին, ովքեր պաշտոնյա չեն եւ չեն կարող պայքարել իրենց իրավունքների համար: Մեր շենքում հանրահայտ մարդիկ են ապրում, պաշտոնյաներ, որ կուլ չէին տա այս ամենը, նրանց բնակարանները տրվել են, իրենց թվում է թե մնացած 30 հոգին պետք է կուլ տա եւ ասեն՝ դե լավ ոչինչ»,-ասաց Արթուր Իսպիրյանը:

Ինչ վերաբերում է օրերս «Արցախ» բանկում ռումբի կեղծ ահազանգի մասին, երգահանը տեղյակ չէր դրանից, բայց շեշտեց, որ պայքարի դուրս եկած քաղաքացիները ռումբ տեղադրող չեն:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշն»-ը սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են խաբված: