«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առողջական խնդիրներ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ արձագանքելով լուրերին, թե հացադուլների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել եւ դրանով է պայմանավորված նրա ԱՄՆ կատարած այցը:
Մարտիրոսյանի խոսքով՝ նման խնդիր գոյություն չունի եւ առողջականի հետ կապված ոչ մի խնդիր չկա: «Ես իր հետ նամակագրական կապի մեջ եմ եւ ամեն ինչ լավ է: Ամենայն հավանականությամբ Նոր տարին Հայաստանում կդիմավորի: Մինչեւ մեկնելն ասաց, որ մինչեւ Նոր տարի Հայաստանում կլինի: Նա ԱՄՆ է մեկնել մասնավոր այցով: Չմոռանանք, որ իր ծնողները, հարազատների մեծ մասը ԱՄՆ-ում են ապրում»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























