Հայաստանի ՊՆ թիվ N զորամասի զինծառայող 18-ամյա Արթուր Գրիգորյանը մեղադրվում է խոշոր չափերի թմրամիջոց իրացրելու մեջ: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 18-ամյա Արթուր Քաջիկի Գրիգորյանը ՀՀ ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, իր ընկեր Արկադի Նազարեթյանի խնդրանքով` իրեն թմրամիջոց տալու համար, 2013թ. հուլիսի 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Արարատ քաղաքի ծիրանի այգիներում` ինքն իրեն աճած կանեփի բույսից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել` կանեփի բույսից քաղել է գլխիկները եւ տերեւները, դրանք պահել է նույն այգում` պարկի մեջ, չորացնելու համար:
Հաջորդ օրը` 2013թ. հուլիսի 7-ին գնացել է ծիրանի այգի, պարկից հանելով նշված բույսի չորացած տերեւները եւ գլխիկները, այն մանրացնելու եղանակով պատրաստել է մարիխուաննա տեսակի թմրամիջոց, լցրել «Գառնի» տեսակի ծխախոտի տուփի մեջ այն քողարկել է ծիրանով լցված պոլիեթիլենային ծանրոցում եւ ապօրինի պահելով իր մոտ գնացել է Երեւան քաղաք, «Սասունցի Դավիթ» արձանին հարակից տարածքում հանդիպել է տաքսի վարորդ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Կարեն Առաքելյանին, նրան տվել ծիրանով լցրած ծանրոցը, որի մեջ եղել է մարիխուաննա տեսակի թմրամիջոցը եւ վերջինիս միջոցով թմրամիջոցը առաքել է ՀՀ ՊՆ N զորմաս` զինծառայող Արկադի Նազարեթյանին:
Սակայն զորամասի աշխատակիցների կողմից հայտնաբերվել ու առգարվվել է խոշոր չափի` 9,652 գրամ չորացված մարիխուաննա տեսակի թմրամիջոց: Քրեական գործ է հարուցվել 266 հոդվածի 2 –րդ մասի 2-րդ կետով` իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը` խոշոր չափերով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 5-10 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 25-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























