Կիեւի ոստիկանությունը ցրել է Անկախության մայդանում բողոքող ցուցարարներին: «Մի շարք միջադեպերի, բախումների պատճառով որոշվել է մարդկանց ցրել Անկախության մայդանից»,- պարզաբանել են ոստիկանությունից:
Կիեւում «եվրոմայդանը» ցրելու ժամանակ մարդիկ են տուժել, հայտնում է «5-րդ ալիքը»: «Կան տուժածներ: Գրեթե բոլոր տուժածների գլուխները կոտրված են», - դեպքի վայրից հայտնել է «5-րդ ալիքի» լրագրողը:
Նարնջագույն հեղափոխության մասնակիցների կոալիցիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ցույցը ցրելու համար հազարավոր «բերկուտցիներ» էին եկել, մայդանն ամբողջությամբ վահաններով էին ցանկապատել, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Մարդկանց պարզապես սպանում էին մահակներով: Կիրառել են արցունքաբեր գազ: Մայդանում լսվել են պայթյուններ: Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են: Մարդկանց աղբի նման նետում էին Մայդանից դուրս», - ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ կոալիցիայի` ակտիվիստների մի մասին կալանավորել են, իսկ Մայդանում անջատել են բջջային կապը:





























