Հոնդուրասում ընդդիմադիր «Ազատություն եւ համալրում» կուսակցությունը պահանջում է նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ` ազդարարելով քվեարկության ընթացքում զանգվածային խախտումների եւ կեղծիքների մասին, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

«Կուսակցությունը չի ճանաչում ձայների հաշվարկի պաշտոնական արդյունքները` մի շարք զեղծարարությունների եւ խախտումների պատճառով», — ասվում է ընդդիմադիր կուսակցության հայտարարության մեջ: Խոսքը 12% ընտրատեղամասերի մասին է, որտեղ իբր նկատվել են նման խախտումներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ պաշտոնական  վերջին տվյալների` 92% ձայների հաշվարկից հետո ընտրությունների հաղթողն է իշխող Ազգային կուսակցության թեկնածու Խուան Օռլանդո Էրնանդեսը` 36,5%  ձայնով, իսկ «Ազատություն եւ համալրում» կուսակցության թեկնածու Կսիոմարա Կաստրոն հավաքել է 28,8% ձայն:

Ընդդիմությունը հայտարարում է, որ «կեղծվել է» 800 հազար ձայն: Ընդ որում, Կաստրոն ուրբաթ օրը հայտարարել էր, թե մտադիր չէ ճանաչել ընտրությունների արդյունքները: