ՀՀ Ոստիկանությունը վաղուց դադարեցրել է մուգ ապակիների ստուգումը։ Այս մասին  նոյեմբերի 30-ին  հայտնել է վարորդների իրավունքների պաշտպանության  «Աքիլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Նա հիշեցրել է, որ կառավարարության որոշման համաձայն՝ կողային եւ դիմային ապակիների մգացումը չպետք է գերազանցի 30%-ը, ընդ որում՝ դրանք չպետք է հայելային լինեն։ «Չհավատաք, եթե ձեզ ասեն, թե մեքենայի գործարանային ապակիները եղել են հայելային։ Կա մգացված եւ հայելային ապակիների օգտագործումը սահմանափակող միջազգային կոնվենցիա, եւ արտադրողները պահպահում են այն», - հայտարարել է Է. Հովհաննիսյանը։

Ապակիների լուսաթափանցությունը  չափելու Ոստիկանությունը հայկական արտադրության սարքեր էր ձեռք բերել։ Ստուգումներից եւ տուգանքներից (50 հազար դրամ) որոշ ժամանակ անց  մուգ ապակիներն անհետացան։  «Բայց մի օր այդ սարքերն իբր միանգամից խափանվեցին, եւ ամեն ինչ առաջվա նման դարձավ։ Ո՞ւմ են ուզում խաբել։ Պարզ է, որ չէին ցանկանում արմատապես վերացնել մուգ ապակիները եւ վնասել մեկի բիզնեսին», – հայտարարել է Է. Հովհաննիսյանը։