ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ուկրաինայի հակամարտող  կողմերին կոչ է արել զերծ մնալ բռնությունից, իսկ Ուկրաինայի իշխանություններին` հավատարիմ մնալ խոսքի եւ հավաքների ազատությանը:  Այս մասին ասվում է կոալիցիայի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Ես բոլոր կողմերին կոչ եմ անում, ինչ էլ որ լինի, զերծ մնալ բռնությունից եւ ուժ կիրառելուց: Ես Ուկրաինային` որպես ԵԱՀԿ գործող նախագահի, կոչ եմ անում ամբողջությամբ կատարել միջազգային պարտավորությունները եւ հետեւել  խոսքի եւ հավաքների ազատությանը», - հայտարարել է Ռասմուսենը: Նա նշել է, որ «Կիեւում բազմաթիվ ուկրաինացիներ շարունակում են վճռականորեն աջակցել ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերություններին»: «Հայացքների դեմոկրատական դրսեւորումը ժողովրդի համընդհանուր իրավունքն է», - ասել է կոալիցիայի գլխավոր քարտուղարը, նշելով, որ «բռնությունը եւ ուժ կիրառելը դեմոկրատական հասարակության մեջ քաղաքական հակասությունները լուծելու ուղի չեն»: