Կիեւում կառավարության շենքի բոլոր մուտքերն արգելափակել են ցուցարարները՝ «կենդանի շղթա» կազմելով: Կենտրոնական մուտքի մոտ ակտիվիստները երեք շարք են կազմել: Նրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի: Այստեղ երկու շարքով շղթա են կազմել նաեւ «Սվոբոդայի» կողմնակիցները, հաղորդում է «Սեգոդնյան»:
Կառավարության կողմնային մուտքը փակել են «Սվոբոդայի» կողմնակիցների երկու շարքեր, որոնց թիվը մոտ 150 է:
Հավաքարարները, որոնք աշխատում են կառավարությունում, չեն կարողանում ներս մտնել: «Համազգային գործադուլ է հայտարարվել: Այստեղ անելու բան չունեք, գնացեք տուն»,-ասում են ցուցարարները: Մոտավորապես ժամը 6:30-ի սահմաններում կառավարության մոտ հավաքվել են գրեթե երեսուն աշխատակիցներ, որոնք չեն կարողանում ներս մտնել ու աշխատանքի անցնել:
Հիշեցնենք, որ Մայդանում գիշերը հանգիստ է անցել: Ցուցարարները գլխավոր հրապարակը բարիկադավորել են մետաղյա արգելապատնեշներով, որոնք ամրացրել են ամանորյա տոնածառից պոկած ամրալարով:





























