Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ազատել են Մոլդովայի վեց քաղաքացիների, որոնք Մոսկվայում սեռական ստրկության մեջ են եղել: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ-ն:

Ընդ որում, ռուսական ու մոլդովական ոստիկանները կանխել են հանցավոր խմբի գործունեությունը, որը Ռուսաստանին մատակարարել է սեռական ստրկուհիների:

Չարագործները մոլդովացի կանանց Ռուսաստանի սրճարաններում ու ռեստորաններում աշխատանք են խոստացել, սակայն արդյունքում նրանց թրաֆիքինգի են ենթարկել: Իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուզարկուները պարզել են, որ մի քանի կանանց ստիպողաբար պահել են նոր Մոսկվայի տարածքում գտնվող քոթեջներում :

Գործողությունների արդյունքում ձերբակալել են 45-ամյա մոլդովացու, որն ավելի վաղ դատապարտված է եղել մարմնավաճառոթյան կազմակերպման ու մարդկանց առեւտրով զբաղվելու համար: Ներկայումս նա կալանավորված է: Հարուցվել է քրեական գործ, իրականացվում են հետագա օպերատիվ գործողություններ: