Ռուսաստանին ձեռնտու չէ վիզային ռեժիմ նեմուծել ԱՊՀ երկրների հետ, քանի որ նրանք կարող են նույնանման արձագանքել: Այդ մասին  «Իտոգի» ամսագրին է հայտնել  Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին` խոսելով ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմ կիրառելու հավանականության մասին: 

Ըստ Ռոմադանովսկու` վիզային ռեժիմ կիրառելու դեպքում պետք է սպասել, որ սահմանները կփակվեն նաեւ իրենց համար: «Այդ թվում նաեւ Ուկրաինայի հետ, որի հետ մենք սերտ բարեկամական հարաբերություններ ունենք: Եվ ԱՊՀ մյուս հարեւանների հետ էլ մենք ընդհանուր շատ բան ունենք: Կարճ ասած` արդյունքում ավելի շատ կկորցնենք, քան ձեռք կբերենք»:

Ռոմոդանովսկին նաեւ նշել է, որ չնայած ԱՊՀ երկրներից միգրացիոն հոսքին, սահմանները փակելը Ռուսաստանի շահերից չի բխում, քանի որ նրա քաղաքականությունն ուղղված չէ կապերը խզելուն: «Մենք ստեղծել ենք ԵվրԱզեսը, Մաքսային միությունը, ստեղծում ենք Միասնական տնտեսական տիրույթը: Վիզային ռեժիմ ներմուծելը կհակասեր այդ ուղղությամբ իրականացվող մեր ջանքերին»: