Ոստիկանները շարունակում են բերման ենթարկվել ակտիվիստներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Armenia today-ի համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը, ով այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում:

Նա նշեց, որ այժմ փորձում է ճշտել բերման ենթարկված ինքնությունները: Արգիշտի Կիվիրյանի փոխանցմամբ՝ բերման ենթարկված ակտիվիստներ կան ոչ միայն Կենտրոնի բաժնում, այլեւ Շենգավիթում, Արաբկիրում եւ ոստիկանության մյուս բաժանմունքներում:

Ի դեպ, նա տեղեկացրեց նաեւ, որ ոստիկանները շարունակում են գտնվել ակտիվիստ Անի Կաղինյանի տան դռան առաջ, իսկ տանը նրանցից պատսպարվել է ակտիվիստներ Անի Կաղինյանը եւ Նանե Մինասյանը:

Արգիշտի Կիվիրյանը շեշտեց, որ այս ամենի նպատակը այսօր Ազատության հրապարակից նախատեսված երթը խաթարելն է:

Հիշեցնենք, որ  նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի շրջանակներում տեղի կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում եւ մայրաքաղաք Երեւանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Պուտինի այցի առիթով վաղ առավոտից փակ է Երեւանի Կենտրոնը, անվտանգության նկատառումներից ելնելով ամբողջ հանրապետությունում իրականացվում են լայնամասշտաբ միջոցառումներ: Մի շարք նախաձեռնություններ, ակտիվիստներ այսօր տարատեսակ բողոքի ակցիաներ են նախաձեռնել, նրանք տարբեր պաստառներ են փակցում Երեւանի կենտրոնում եւ այլն: Վառ առավոտից ոստիկանությունը բերման է ենթարկում բազմաթիվ ակտիվիստների:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am