Կիեւի կենտրոնում 5-6 հազար ցուցարարներ մոտենում են կառավարական թաղամասին: Ակտիվիստների առանձին խմբեր արգելափակել են Ուկրաինայի կառավարության շենքի ու Ուկրաինայի Ազգային բանկի բոոր մուտքերը:

Շարասյունը կանգ է առել ուկրաինական կառավարության շենքի կենտրոնական մուտքի մոտ: Ցուցարարները վանկարկում են. «Банду вон!»: Շարասյան հետեւում երթեւեկությունն արգելափակում են նախագահի ու կառավարության հրաժարականի կողմնակից վարորդները:

Բացի այդ, կառավարության կենտրոնական մուտքի մոտ են ժամանել «Բատկիվշչինայի» երկու միկրոավտոբուսներ՝ ձայնը ուժեղացնող սարքավորումներով: Այս մասին հաղորդում է «Սեգոդնյան»:

Կառավարության բակում կան «Բերկուտի» հատուկ ստորաբաժանումներով ութ ավտոբուսներ, սակայն ոստիկանությունըցուցարարների նկատմամբ չի ձեռնարկում քայլեր:

Նախագահի վարչակազմի շենքի համալիրի մոտ փողոցի երկայնքով կանգնած են իրավապահներով ավտոբուսներ, որոնց առաջ կիպ շարքերով կանգնած են «Բերկուտի» մարտիկները:

Հիշեցնենք, որ Մայդանում գիշերը հանգիստ է անցել: Ցուցարարները գլխավոր հրապարակը բարիկադավորել են մետաղյա արգելապատնեշներով, որոնք ամրացրել են ամանորյա տոնածառից պոկած ամրալարով: