Ոստիկանությունը հաստատում է մի շարք ակտիվիստների նկատմամբ  «վարչական բերում» կիրառելու մասին լուրերը: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ այսօր առավոտվանից 5 ակտիվիստի նկատմամբ վարչական բերում է կիրառվել եւ նրանք բերվել են ոստիկանության Կենտրոնի բաժին, 2-ը՝ Շենգավիթի բաժին, 3-ը՝ Քանաքեռ-Զեյթուն, 1-ը՝ Նոր Նորքի բաժին: Նրանց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել:

Ինչ վերաբերում է ոստիկանների՝ ակտիվիստ Անի Կաղինյանի տան դռան դիմաց նստելուն, ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ ոստիկաններն  այցելել են Անի Կաղինյանի բնակարան` նրան բաժին հրավիրելու համար, նրանք թակել են դուռը, բացող չի եղել, թողել-հեռացել են:

Հիշեցնենք, որ  նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի շրջանակներում տեղի կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում եւ մայրաքաղաք Երեւանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Պուտինի այցի առիթով վաղ առավոտից փակ է Երեւանի Կենտրոնը, անվտանգության նկատառումներից ելնելով ամբողջ հանրապետությունում իրականացվում են լայնամասշտաբ միջոցառումներ: Մի շարք նախաձեռնություններ, ակտիվիստներ այսօր տարատեսակ բողոքի ակցիաներ են նախաձեռնել, նրանք տարբեր պաստառներ են փակցում Երեւանի կենտրոնում եւ այլն: Վաղ առավոտից ոստիկանությունը բերման է ենթարկում բազմաթիվ ակտիվիստների: