Իրաքում ապրող եզդիների նկատմամբ նորից վերսկսել են հալածանքները: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մոսուլ քաղաքում տարբեր պայմաններում սպանվել են ավելի քան 8 եզդի: Այդ մասին ասվում է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի տարածած հայտարարության մեջ:
«Մոսուլի համալսարանում սովորող եզդի ուսանողները շարունակում են սպառնալիքներ ստանալ: Եզդիներն Իրաքում հալածանքների են ենթրակվում իրենց ազգային կրոնական պատկանելության համար: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը բազմաթիվ անգամ անդրադարձել է այս խնդիրն, սակայն ցավոք սրտի, շուկայական հարաբերությունների այս դարաշրջանում շատերն անտեսում են այն հալածանքները, որոնք կիրառում են եզդի ժողովրդի նկատմամբ: Մոսուլում բնակվող եզդիները օգնություն են խնդրում քաղաքակիրթ աշխարհից եւ ակնկալում են, որ իրենց խնդիրների վրա ուշադրություն կդարձնեն:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը խնդրանքով դիմում է Հայաստանում գործող քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին, որեւէ կերպ արձագանքել այս խնդիրն: Հայ ժողովուրդը մեկ դար առաջ անցել է նույն հալածանքների միջով, որով հիմա անցնում են իրաքաբնակ եզդիները եւ հիմա կարեւոր է, որ մեր եղբայրական ժողվորդի զավակները որեւէ կերպ աջակցեն մեզ այս խնդիրը բարձրաձայնելու եւ լուծելու ճանապարհին:
Մենք նաեւ խնդրում եւ կոչ ենք անում Հայաստանում գործող լրատվամիջոցներին օգնել բարձրաձայնելու այն անմարդկային իրավիճակը, որում ապրում են եզդիները Իրաքում: Այսօր ավելի քան երբեւէ բազմաչարչար եզդի ժողովուրդը աջակցության կաիրք ունի»,- նշել են հայտարարության հեղինակները:





























